Բուլղարիայում ավանդույթի համաձայն` Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է ժամը 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ տանտիրուհին սկսում է կտրատել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը` սեր:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:

 Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը:

Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթն այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապի կնոջից` Լա Բեֆանայից:  

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

25 Christmas Traditions and Their Origins - HISTORY

Slide-show