Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։

 

Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։

Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։

Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։

Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։

 

նյութ