Հայաստանի դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։

Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։ Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

Երբ դիմել դատարան

Դատարան պետք է դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է որևէ վեճ այլ անձի կամ կազմակերպության հետ, այն չի ենթադրում որևէ հանցանքի կատարում այդ անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից, որը նախատեսված է քրեական օրենսգրքով։ Դատարան դիմելը վեճը լուծելու միակ օրինական տարբերակն է, եթե սպառվել են բանակցությունների միջոցով հարցը լուծելու հնարավորությունները։

Ով կարող է դիմել դատարան

Դատարան կարող է դիմել ցանկացած չափահաս և գործունակ անձ, եթե վեճը վերաբերում է անձամբ իրեն, կամ նա ներկայացնում է իր մերձավոր ազգականին։ Այլ դեպքերում դատարանում հանդես գալու իրավունք ունեն միայն փաստաբանները։ Ամեն դեպքում մինչև ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկելը ցանկալի է դիմել որևէ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի․ Սխալ գործողությունները կամ մարտավարությունը կարող է անդառալի հետևանքներ առաջացնել գործի համար։

Որ Ընդհանուր իրավասության դատարան դիմել

Ընդհանուր կանոնի համաձայն նախ պետք է պարզել պատասխանողի բնակության վայրը։ Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան։ Առկա են նաև բացառություններ, որոնք նախատեսված են օրենքով։

Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։