Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», – սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլիրյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։

Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Բանաստեղծություններ

* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան