Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին այնտեղ քրիստոնյա բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ սկսվեցին, որոնցում հատկապես տուժեցին հայերը։ Սպանությունների առաջին զանգվածային ալիքը 1894 – 1896 թթ. Համիդյան կոտորածներն էին, իսկ եզրափակիչը՝ 1915 – 1923 թթ. իրագործված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունն էր։ Առաջին համաշխարհային պատերազմը օսմանյան իշխանությունների համար հնարավորություններ ստեղծեց «լուծելու» Հայկական հարցը՝ Օսմանյան կայսրության ամբողջ հայ բնակչությունը բնաջնջելու միջոցով։ 1915 – 1923 թթ. իրադարձությունները պատմաբանների ճնշող մեծամասնության կողմից գնահատվում է որպես պետության կողմից կազմակերպված զանգվածային սպանություն՝ ցեղասպանություն[30]։ Թուրքական իշխանությունները ժխտում են ցեղասպանության իրողությունը։

Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915։
Զոհերի ճշգրիտ թիվը դժվար է հաշվել։ Բազմաթիվ աղբյուրներից հայտնի է, որ միայն Միջագետքում հայերի համար կազմակերպված համակենտրոնացման կայաններում զոհվել է կես միլիոնից ավել մարդ՝ չհաշված այլ եղանակներով սպանված հայերին։ Զոհվածների ընդհանուր թիվը գնահատվում է մեկ ու կես միլիոն մարդ։ Հարյուր հազարավոր հայեր անխուսափելի մահվանից փրկվելու համար դարձան փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում և Կովկասում։
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասը ոչնչացվեցին հայկական ժողովրդական վրիժառուների կողմից «Նեմեսիս» գործողության ժամանակ։
Ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24ը Հայաստանում սգո օր է հայտարարված։